«Կլինեմ 40 տարեկան, բայց կամուսնանամ շատ սիրելով»․ Լյուսի Հայրապետյանը՝ անձնական կյանքի, պահանջված մոդել լինելու և նոր սիթքոմում խաղալու մասին

Շոու բիզնես

Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը շուտով հանդես կգա սիթքոմում՝ որպես դերասանուհի: Tert.am Life-ը Լյուսիի հետ զրուցել է ինչպես սպասվող գործնական նորության, այնպես էլ անձնական կյանքի մասին։

Ամուսնության վերաբերյալ հարցերը Լյուսիին չեն նյարդայնացնում, քանի որ, ըստ մոդելի, երբեք ամուսնությունը չի դիտարկել որպես կյանքի գերագույն նպատակ։

«Ինձ շատ են հարցնում, թե ինչու չեմ ամուսնանում, որովհետև երևի կա ինչ-որ տարիք, կյանքի փորձառություն, որին հասնելուց հետո համարում են, որ ժամանակն է ամուսնանալ։ Ես ամուսնությունը երբեք չեմ ընկալել որպես կյանքում հիմնական նպատակ կամ ինչ-որ լավ բանի վերջ։ Ամուսնությունն ինձ համար պետք է լինի սկիզբ, եթե ես չտեսնեմ համապատասխան մարդու, որի հետ կցանկանամ սկսել մի նոր բան, ուղղակի չեմ ամունսնանա»,- ասաց Լյուսին։

Լյուսին ասաց, որ տղամարդու իր ընտրությունը երբեք ինքնանպատակ չի կարող լինել․ «Շատերի համար ամուսնությունն ինքնանպատակ է․ անիմաստ ամուսնանում են, հետո գալիս է ուղղակի երեխա ունենալու ժամանակը՝ անիմաստ ունենում են: Ես այդպես չեմ առաջնորդվում։ Կլինեմ 40 տարեկան, բայց կամուսնանամ շատ սիրելով, իմ վարդագույն ակնոցով, ինչպես 16 տարեկան աղջիկը: Ես երեխա կունենամ այն տարիքում, երբ կհասկանամ, որ երեխաներս ծնվելու են լիարժեք սիրով ընտանիքում»։

Հարցին, թե ներկայումս ինչ փուլ է անձնական կյանքում, Լյուսին ծիծաղելով պատասխանեց, որ իր անձնական կյանքում միշտ ամեն ինչ շատ լավ է՝ անկախ փուլերից․ «Իմ անձնականը միշտ էլ բարվոք վիճակում է և միշտ լավ փուլում է, որովհետև ես երբեք ոչ ոքից ոչինչ չեմ ակնկալում, հետևաբար՝ չեմ էլ հուսահատվում»։

Չնայած այս ամենին, Լյուսին վստահ է, որ սեքսուալ լինելու համար  կինն իր կողքին պետք է ճիշտ տղամարդ ունենա։ Լյուսիից հետաքրքրվեցինք՝ ինքն իրեն համարո՞ւմ է սեքսուալ․ «Այո՛, իհարկե, ինձ սեքսուալ համարում եմ»: Ըստ Լյուսիի՝ սեքսուալության և գռեհկության սահմանագիծը շատ նուրբ է և զգայուն․

«Վստահ եմ, որ մինչև այժմ ինչ կերպարով ներկայացել եմ, վուլգար չեմ եղել։  Դա այն սահմանն է, որն ինձ համար ընտրել եմ։  Եթե ներկայանում ես բաց կերպարներով, նշանակում է՝ ուզում ես լինել սեքսուալ և ցանկալի, բայց ոչ վուլգար։ Եղել եմ սեքսուալ, եղել եմ ցանկալի, սակայն չեմ եղել վուլգար։ Երբ չկա աչքերի մեջ վառվող կրակը, դու կլինես ավելի շատ վուլգար, քան սեքսուալ»։

Լյուսիի խոսքով՝ աշխատանքային իր գրաֆիկը սովորականի պես խիտ է։ Բացի սիթքոմի նկարահանումները մոդելն ավելի ուշ հանդես կգա նաև, որպես հաղորդավարուհի։ Ինչ վերաբերում է մոդելինգին՝ Լյուսին նշեց, որ դա հիմնական մասնագիտություն չէ, ինքը միայն մոդելինգով առաջ գնալու մասին չի մտածել:

Ամեն դեպքում, Հայաստանում նա իրեն համարում է պահանջված մոդել: «Միայն մոդելինգը բավարար է գումար վաստակելու համար, իհարկե, ոչ միայն ցուցադրությունների մասնակցելով, այլև ֆոտոմոդելի աշխատանքով: Այս ամենով զբաղվելով՝ հնարավոր է լավ վաստակել և բարեկեցիկ ապրել: Գուցե, իմ ձայնը տաք տեղից է գալիս, որովհետև ես ինձ համարում եմ պահանջված մոդել, ունենում եմ լավ  առաջարկներ ու պայմանագրեր»,- ասաց նա:

Աղբյուր

Leave a Reply