«Շիկահեր դառնալուց հետո ավելի մեծ եմ երևում». Անի Մկրտչյանը՝ «Կորած օրագրի», սերիալներում չնկարահանվելու պատճառի և չցանկանալով այլ մասնագիտությամբ աշխատելու մասին

Հետաքրքիր

«Վերջին ուսուցիչը» նախագծից լսարանին հայտնի դերասանուհի Անի Մկրտչյանը նախագծից հետո դադարի մեջ է եղել: Հիմա Անին զբաղվածություն ունի Առաջին ալիքի «Կորած օրագիրը» նախագծում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչո՞ւ չի ընդունում երկարաժամկետ նախագծերում նկարահանվելու առաջարկները, ինչո՞ւ է աշխատում այլ մասնագիտությամբ և ո՞րն է ոճային կտրուկ փոփոխության պատճառը:

Անիի խոսքով՝ ուրախ է, որ վեպերի հիման վրա նկարահանվող հեռուստադրամաները գնալով շատանում են: «Նույն ռեժիսորի հետ եմ աշխատում արդեն երկրորդ անգամ: Մասնակցեցի քասթինգի, բայց ինձ արդեն ճանաչում էին, գիտեին ունակություններս, գնացի ուղղակի դերին ծանոթանալու համար: Այս կերպարը տարբերվող էր, ինտրիգային, ինձ շատ է դուր եկել»,- ասաց նա:

Ըստ Անիի՝ հաճախ չի նկարահանվում, որովհետև ինքը չի ուզում: «Առաջարկներ ունենում եմ, վերջերս էլ երկու նախագծից առաջարկ ստացա, բայց նույնիսկ քասթինգի չգնացի: Մերժում եմ առաջարկները, որովհետև չեմ ուզում երկարաժամկետ սերիալներում նկարահանվել: Երկարաժամկետ նախագծերի դեպքում սցենարը նախապես գրված չի լինում, անհասկանալի իրավիճակ է ստեղծվում: Նախընտրում եմ կարճ մասնակցություն ունենալ նախագծում, քան նկարահանվել երկարաժամկետ և վատ նախագծում»,- նշեց նա:

Չնայած դրան՝ դերասանուհին ընդգծեց, որ տեսախցիկը, նկարահանման ընթացքը շատ է կարոտում: «Ուզում եմ այդ ընթացքի մեջ լինել, բայց լավ առաջարկները քիչ են լինում, նախընտրում եմ եթերում չլինել: Հիմա, չցանկանալով, աշխատում եմ մեկ այլ մասնագիտությամբ: Չեմ ուզում ասել, թե ինչ մասնագիտությամբ եմ աշխատում, բայց այն իմ ոլորտի հետ կապ չունի: Բարդ է, երբ դերասանուհի ես, բայց աշխատում ես լրիվ այլ ոլորտում, տանջվելով ես աշխատում, որովհետև գործընթացը քեզ դուր չի գալիս»,- ասաց նա:

Վերջին ամիսներին Անին ոճային փոփոխությունների է ենթարկել մազերը, նախ՝ կտրելով, ապա՝ ներկելով դրանք: «Նախկինում փոփոխություններից վախենում էի, մանավանդ, երբ դրանք կապված էին լինում մազերիս հետ: Որոշեցի, որ ուզում եմ կարճ մազերով լինել, քանի որ 18 տարուց ավելի երկար մազերով էի, հոգնել էի: Փոփոխությունն ու նախագծի առաջարկը համընկան: Հետո նաև շիկահեր դարձա, ներկեցի մազերս, առաջին փոփոխությունից հետո երկրորդն ավելի հեշտ տրվեց, հիմա չեմ վախենում ոճափոխություններից: Սկզբում վախենում էի, որ չսազի, բայց տեսա՝ սազեց, կարճ մազերով ապրելն էլ ավելի հեշտ է: Չեմ զղջում, որ փոփոխություններ եմ արել, դրանք օգնել են հաղթահարել վախը»,- պատմեց Անին:

Որքան էլ դերասանուհին չի զղջում, նկատեց, որ երբ ինչ-որ բանի երկար սովորում ես, հետո դժվար ես համակերպվում բացակայությանը: «Երբ փոփոխություն ես անում, հետո հեշտ չես հարմարվում: Երբ շիկահեր դարձա, հայելու մեջ ինձ նայում էի, զարմանալի էր, որ շիկահեր եմ, բարդ հարմարվեցի, բայց ինձ դուր եմ գալիս այս մազերով: Մտերիմներիս արձագանքներն էլ, հիմնականում, լավն էին: Միայն թե տատիկս մինչև այսօր չի հարմարվում իմ կարճ ու շիկահեր մազերին»,- ասաց նա:

Անին նաև շեշտեց՝ կարևոր է, որ հիմա ավելի հեշտ է հարմարվում կորուստներին ու փոփոխություններին: «Դրան 10 %-ով օգնել է նաև մազերիս ոճափոխությունը: Արտաքին փոփոխությունը տանում է նաև ներքին փոփոխության: Երբ ոճդ փոխում ես, այլ վարվեցողություն ես որդեգրում: Շիկահեր դառնալուց հետո ավելի մեծ եմ երևում, լրջացել եմ: Չնայած ամեն ինչ առջևում է՝ չեմ կարծում, որ հետագայում մազերս այլ գույներով ներկեմ»,- եզրափակեց նա:

 

Leave a Reply