Women’s club-ը եթեր է վերադառնում. Սիրուն Մինասը հիմնական կազմում չէ․ պրոդյուսերը՝ փոփոխությունների մասին

Շոու բիզնես

Women’s club նախագիծը 6 ամսվա դադարից հետո ապրիլի 1-ին եթեր է վերադառնում: Սա նախագծի երկրորդ դադարն էր, առաջին դադարը պայմանավորված էր համավարակով:

Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը պատմել է եթեր վերադառնալու, անձնակազմի փոփոխության մասին:

Վլադիմիրը նկատեց, որ դադարի պատճառը պատերազմը, ռազմական դրությունն էր:

«Այդ ամենը հումորային նախագծի հետ համատեղել չէինք կարող: Վերադարձի ուշ կամ շուտ լինելու հետ կապված կասեմ, որ նորմալ շրջանում ենք վերադառնում, ոչ ուշ է, ոչ էլ շուտ:

Նախագծի անոնսը տեղադրելուց հետո հեռուստադիտողների արձագանքների հետ կապված մտավախություն, կարելի է ասել, չկա: Որքան շուտ եթեր վերադառնայինք, այնքան մտավախությունը շատ կլիներ: Եթերում դադարի մեջ ենք եղել, բայց կոլեկտիվում իրարից անտեղյակ չենք եղել, միշտ միասին ենք եղել, ինտեգրվելու, անսովոր իրավիճակում հայտնվելու խնդիր չկա»,- ասաց նա:

Դադարից հետո վարկանշի վերաբերյալ պրոդյուսերը մտավախություն չունի. «Վարկանիշը համեմատական ցուցանիշ է, կախված է նրանից, թե այդ պահին ինչ այլ նախագծեր կան: Որոշակի ազդեցություն կլինի, բայց եթե դադարը միայն մերը լիներ, այլ ոչ ընդհանուր, գուցե, խնդիրներ լինեին»:

Վլադիմիրի խոսքով՝ վերադառնում են նույն ձևաչափով, ունեն հանդիսատես, ինչպես մինչև համավարակի սահմանափակումները:

«Հուսով եմ՝ կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումներ չեն լինի: Առաջին հաղորդումը ապրիլմեկյան թեմայով է, կարծում եմ՝ օրը ռեստարտի համար շատ լավն է: Միայն աղջիկների կազմում փոփոխություն կա. Սիրուն Մինասը հիմնական կազմում չկա, բայց ժամանակ առ ժամանակ հնարավոր է՝ մասնակցի նկարահանումներին»,- նշեց նա:

Պրոդյուսերը պատմեց, որ նոր նախագծի մտքեր էլ կան, բայց հիմա շեշտը դրել են Women’s Club նախագծի վրա:

«Տա Աստված, որ մեր երկրում խաղաղություն, կայունություն լինի, նախագծերի սկսելը կախված է հենց այդ ամենից: Եթե կան տնտեսություն, շուկա և պահանջարկ, կարելի է առաջարկներով հանդես գալ:

Մեր ոլորտը շատ խոցելի է, հատկապես բացասական զարգացումներին շատ արագ է արձագանքում, հույս ունեմ, որ ֆորսմաժորային իրավիճակների այլևս չենք հանդիպի»,- ընդգծեց նա:

Խոսելով Why women’s women’s նախագծի մասին՝ պրոդյուսերն ասաց.

«Այդ նախագծի նկարահանումները ևս ընդհատվեցին: Մնացել է մի քանի էպիզոդ, որ նույնիսկ չենք մոնտաժել, ամեն ինչ ընդհատված տեղում կանգ է առել: Չեմ կարող ասել՝ կշարունակե՞նք նախագիծը, թե՞ ոչ:

Կփորձենք հերթով ի մի բերել նախագծերը, առաջին հերթին զբաղվում ենք Women’s club-ի աշխատանքներով»:

Աղբյուր՝ Tert.am Life

Leave a Reply