«Ուզում էինք էլի երեխա ունենալ, բայց դերասանի աշխատավարձով 3 երեխայի համար լավ կյանք չես կարող ապահովել». Արաքսյա Մելիքյան

Շոու բիզնես

Դերասան-ամուսիններ Անդրանիկ Զաքարյանի ու Արաքսյա Մելիքյանի ընտանիքը 13 տարեկան է: Զույգը սովորել է նույն կուրսում, աշխատում է նույն թատրոնում, օրվա մեծ մասն անցկացնում միասին:

Tert.am Life-ի հետ զրույցում Արաքսյան պատմել է ընտանեկան կյանքի, խնդիրների, իր ուսերին դրված բեռի, տարիներ առաջ բաժանվելու մասին մտածելու և երեխաների մասին:

Արաքսյան վերհիշեց, որ ինքն ու Անդրանիկը ծանոթացել են լսարանում, սովորում էին նույն կուրսում, թեև նա իրենից մեծ էր: «Անդրանիկի համար դերասանական կրթությունը երկրորդն էր: Նա լսարան մտավ դասական հագնված, ես էլ ասացի՝ յախք, ահա և իմ ամուսինը:) Դա ասել եմ առաջին հայացքից, բայց հետո սիրահարվեցի, ու հենց նա դարձավ ամուսինս:

Երկուսս էլ նույն  շրջանում տարված էինք իրարով, թեև շատ երկրպագուներ ունեի, ոչ ոքի չէի նկատում: Այսքան տարի անց հետ եմ նայում ու մտածում՝ ինչպե՞ս չեմ նկատել նրանց, նույնիսկ, երբեմն, Անդրանիկն է հուշում, որ այս կամ այն տղան ինձ համար գնացել, խոսել է իր հետ, բայց ես չեմ նկատել»,- պատմեց նա:

Ըստ դերասանուհու՝ քանի որ երկուսն էլ նույն բնագավառից են, ավելի հեշտ է մասնագիտական առումով իրար հասկանալը․ «Երբ նկարահանումներն ավարտում են լուսաբացին, ավելորդ բացատրություններ չեմ տալիս, նա էլ է այդ ամենի միջով անցնում:

Այս առումով նույն մասնագիտությունն ունենալու հանգամանքն օգնում է, բայց կան նաև դեպքեր, երբ խանգարում է: Տանն աշխատանքային քննարկումներ հնարավորինս չենք ունենում, չեմ ասում, թե որ դերասանի հետ խաղալիս ինձ ինչպես եմ զգում, որովհետև կարծիքս կարող է ազդել Անդրանիկի կարծիքի վրա»:

Արաքսյան անկեղծացավ, որ երկար տարիների ամուսնական կյանքում հնարավոր են նաև պահեր, երբ տղամարդն ու կինն իրարից ձանձրանան: «Երբեմն ինքս ինձնից եմ ձանձրանում, ուր մնաց կողակցիցս չձանձրանամ: Բնությունը մարդուն այդպիսին է ստեղծել․ մենակ մնալու անհրաժեշտություն ունի, որպեսզի կարողանա վերագտնել ու վերագնահատել կյանքի գույները:

Մեզ մոտ նման փուլեր լինում են, ես ավելի արտահայտվող եմ, ամուսինս` ոչ այնքան: Ամեն մեկս մեր տարածքն ունենք, մեր առանձին ժամերը, ինքը կարող է իր ընկերների հետ ժամանակ անցկացնել, ես՝ իմ ընկերուհիների: Երբեք չեմ ասի՝ մի գնա, այդպես է ճիշտ գտնում, այդպես է պետք, չափի զգացում ունի,- ասաց նա և հավելեց, որ ընտանիք պահելը բարդ է,- ամուսնությունից դաժան բան չկա:) Երկու տարբեր տեսակի, մշակույթի, արժեհամակարգի մարդ որոշում են ապրել մեկ հարկի տակ. սա է ամենամեծ խնդիրն ու սկանդալը, ինչպե՞ս կարող է այս ամենը նորմալ անցնել:

Մարդիկ, իրար հարգելով, հարմարվելով, ընդունելով, տարիների ընթացքում փորձում են շարունակել միասին ապրել: Շատերի մոտ ստացվում է, շատերի մոտ՝ ոչ: Պետք է ինչ-որ հարցերում զիջել և չզիջել՝ սկզբունքային հարցերում, որովհետև եթե ամեն հարցում զիջես, կտեսնես՝ այլևս երջանիկ չես: Գրված օրենքներ չկան, թեկուզ ամենամոտ մարդու խորհուրդները չեն օգնի, պետք է սեփական փորձով հասկանաս՝ որտեղ զիջել, որտեղ՝ ոչ»:

Դերասանուհին շեշտեց, որ կարողանում են վեճից հետո իրար ասել՝ ով էր սխալ, ով՝ ճիշտ: «Եղել է՝ վեճի ժամանակ ամուսնուս այնպիսի խոսքեր եմ ասել, ում պատմում եմ, ասում են՝ ինչպե՞ս է լեզուդ պտտվել: Ամուսինս լսել է, բայց դրանից հետո ոչ թե հրաժեշտ է եղել, այլ գնահատել է իմ անկեղծությունը: Եղել է նաև, որ որոշել եմ ամուսնուս դարձնել այնպիսին, ինչպիսին ես եմ պատկերացրել:

Այդ ժամանակ մորաքույրս ասաց, որ չպետք է փորձեմ փոխել նրան, պետք է  սիրեմ այնպիսին, ինչպիսին կա: Ու հասկացա, որ Անդրանիկի թերություններն այլ տղամարդկանց համեմատ շատ քիչ են: Ինձ համար խաղ էի հորինել. վերլուծում էի ինչ-որ մեկին, հետո մտածում՝ այնքան թերություններ ունի, որոնք ամուսինս չունի: Հասկացա՝ ունեցածս իմն է, լավն է: Ասում են՝ 7-8 տարին մեկ անգամ ընտանիքում անցումային շրջան է լինում, գուցե, ես էլ նման մի շրջանում եմ եղել»,- պատմեց նա:

Հարցին՝ երբևէ մտածե՞լ է բաժանվելու մասին, Արաքսյան պատասխանեց.

«Տարիներ առաջ մտածել եմ բաժանվելու մասին, բայց պետք է շրջահայաց լինել, երբ նայում ես, թե շրջապատումդ ինչ է կատարվում, հասկանում ես՝ քո խնդիրը խնդիր չէ: Զույգեր կան, որոնք, իսկապես, լուրջ խնդիրներ ունեն, բայց միասին են ապրում, երբ իմ և նրանց խնդիրները համեմատության մեջ եմ դնում, բաժանվել բառն ինձ համար ծիծաղելի է դառնում: Ոչինչ իմ կյանքում չեմ հերքում, կարող է վաղն էլ լսեք՝ Արաքսյան բաժանվել է ամուսնուց, ուղղակի այս պահին իմ կյանքում դրա մասին խոսք լինել չի կարող:

Երբեմն, վեճի ժամանակ ամուսինս կատակում է, որ երբ դատարանում ասեմ, թե ինչի համար եմ ուզում բաժանվել, բոլորը կծիծաղեն: Մեր վեճերի մեջ րոպեներ հետո ծիծաղ է պտտվում, իրարից նեղացած չենք մնում, արագ հաշտվում ենք: Չեմ հիշում, որ իրարից թեկուզ 3 ժամ նեղացած մնանք»:

Արաքսյան նաև ասաց, որ իր ուսերին ծանր բեռ է դրված, բայց դրանից այլևս չի դժգոհում․

«Եթե մի փոքր «կին» լինեի, հոգսերի մասին շատ չէի մտածի, բայց փորձում եմ ամեն ինչ իմ վերահսկողության տակ պահել: Միշտ եմ այդպիսին եղել, հայրս ամուսնությունիցս չորս օր անց ասաց, որ ամեն ինչ իմ ուսերին չվերցնեմ: Ես պատասխանեցի, որ Անդրանիկին չի ճանաչում, նա էլ ասաց՝ ինձ է ճանաչում: Մի շրջան կար, երբ ուզում էի այդ բեռը գցել ուսերիցս ու առաջ անցնել, բայց հասկացա՝ կարողանում եմ տանել: Ի վերջո, ամեն մեկին տրվում է այնքան, որքան ինքը կկարողանա տանել, հիմա խաղաղ եմ: Իմ ներսում բացահայտել եմ, որ կարող եմ ավելին անել, պարզապես չեմ անում, չեմ ուզում:

Երկար տարիներ ինձ առաջարկում էին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում աշխատել որպես դասախոս, բայց մերժում էի, որովհետև կարծում եմ՝ մանկավարժությունն ինձ տրված չէ: Վերջերս սկսել եմ մտածել, որ եթե այդքան շատ են առաջարկում, գուցե պետք է ընդունե՞մ: Ուղղակի կարծում եմ՝ դասախոսի աշխատանքն ավելի մեծ բազա ունեցող մարդու համար է, եթե մի օր այդպիսին դառնամ, կմտածեմ առաջարկն ընդունելու մասին, եթե ոչ, կշարունակեմ աշխատել այնտեղ, որտեղ աշխատում եմ»,- ասաց նա:

Անդրանիկն ու Արաքսյան ունեն երկու երեխա՝ 13-ամյա Գուրգենն ու 8-ամյա Կարինեն: Արաքսյան նշեց, որ օրերս ինքն ու Անդրանիկը խոսում էին երրորդ երեխա ունենալու մասին:

«Ամուսնուս ասում էի՝ այնքան օրհնված եմ, կարող եմ երեխա ունենալ, մարդիկ կան, ուղղակի անպտուղ են: Ուզում ես ևս մեկն ունենալ, բայց երկիրը երեխային պահելու հնարավորությունը չի տալիս, եթե ապրեինք ավելի ապահով երկրում, առնվազն 5 երեխա կունենայի: Եկանք այն եզրակացության, որ պետք է մեր երկու երեխային հասցնենք իրենց նպատակին: Մի քանի տարի հետո տղաս համալսարան կընդունվի, հասկանում ենք, որ դերասանի աշխատավարձով շատ երեխայի համար նորմալ կյանք չես կարող ապահովել: Չնայած այս ամենին՝ սիրում եմ իմ մասնագիտությունը, աշխատանքը, չեմ զղջում, որ այն ընտրել եմ: Ունեցածս ինձ բավարարում է, պարզապես երրորդ երեխայի խնամքն այլ է»,- ընդգծեց դերասանուհին:

Անդրադառնալով երեխաներին՝ մայրիկն ասաց, որ նրանք բավականին ինքնուրույն են, կարողանում են առանց իրենց տանը մենակ մնալ ու հոգալ կարիքները:

«Որդիս վերջերս հայտարարեց, որ ուզում է դերասան կամ ռեժիսոր դառնալ, ինչն իմ ու ամուսնուս համար մեծ սթրես էր: Մտածեցինք, որ այդ թեմայով ընդհանրապես պետք չէ խոսել: Առաջիկայում նրա ուղղությունը կթեքեմ դեպի այդ կողմ, որպեսզի հասկանա՝ ինչ է ուզում: Տղաս նաև ֆուտբոլով է տարված, պարապմունքների է հաճախում,- ասաց նա, ապա հավելեց, որ դուստրն էլ երգի պարապմունքների է հաճախում, շատ լավ ձայն ունի,- Ուղղակի չգիտեմ՝ որքանով է հավանական, որ այդ ուղղությամբ կշարունակի, նաև դաշնամուրի դասերի է հաճախում:

Կարինեն նկարել ևս շատ է սիրում, բայց դեռ պարապմունքների չի հաճախում, որոշ ժամանակ անց կգնա: Երեխաներս շատ ինքնուրույն են, ես ու ամուսինս օրվա մեծ մասն աշխատավայրում ենք լինում, նրանք տանը միայնակ են: Կարողանում են ճաշել, հետո հավաքել իրենց հետևից, ինքնուրույն հագնվում են ՝ չնայած խնդրում եմ լուսանկարվել և ինձ ուղարկել, որպեսզի տեսնողը չմտածի՝ ով է այդ երեխայի մայրը»:

Աղբյուր՝ Tert.am Life

Leave a Reply