Մկոն ու որդին, Արփին, Ռաֆոն, Գրիգորը և այլ հայտնի դերասաններ՝ նոր կատակերգությունում. առաջին մանրամասները

Հետաքրքիր

Ապրիլի 29-ից մեծ էկրաններ կբարձրանա «Մի անգամ դպրոցում» գեղարվեստական ֆիլմը, որտեղ խաղում են Մկրտիչ Արզումանյանն ու նրա որդին՝ Ալեքսանդրը, Արփի Գաբրիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Վահագն Գալստյանը, Արա Սարգսյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Դալիթան, Արթուր Բեգջանյանը, Սերժ Առաքելյանը, Անուշ Համբարձումյանը։

Ֆիլմի ռեժիսորը Հարություն Խալաֆյանն է։ Վերջինս «Դոմինո», «Փափուկ խաղալիք», «Ֆեյք մամա», «Ֆեյք պապա» և այլ սիթքոմների ռեժիսորն է։

Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ սա մանկապատանեկան սյուժեով ֆիլմ է՝ նախատեսված ամբողջ ընտանիքի համար։

«Մեր առաջ 2 հիմնական նպատակ էինք դրել․ առաջինը՝ փորձել երեխաների մոտ սեր արթնացել ընթերցանության հանդեպ, որպեսզի նրանք կտրվեն հեռախոսներից և կարդալու ցանկություն ունենան, երկրորդը՝ կրկնօրինակելու համար ճիշտ հերոսի ընտրելը։ Կարևոր է ուղղորդել երեխաներին, թե որտեղ կարելի է գտնել իսկական հերոսի, որին իսկապես պետք է ընդօրինակել, ոչ թե փողոցից, սերիալներից, Ինստագրամից կեղծ, սուտ, տգետ կերպարների հերոսացնել»,– ասաց նա ու հավելեց, որ ֆիլմում ունեն նաև գրքային հերոս։

«Պատմությունը ծավալվում է մի երեխայի շուրջ, որի ձեռքին հայտնվում է «Դոն Կիխոտը»։ Գրքային հերոսներ շատ կան, սակայն ընտրեցինք այս հերոսին, քանի որ անվախ է, քաջ, արժեքները հստակ են և չեն փոփոխվում։ Անձնուրաց ասպետ է, որին կարելի է ընդօրինակել։ Փորձում ենք երեխաներին ժամանակակից գաջեթներից շեղել դեպի ընթերցանությունը։ Դոն Կիխոտին մարմնավորում է Մկրտիչ Արզումանյանը, որը, իմ կարծիքով, շատ էր հավանել սյուժեն և գաղափարը։

Առհասարակ, բոլոր դերասանների հետ քննարկումների ժամանակ նկատում էի նրանց աչքերի փայլը, երբ իմանում էին՝ ինչի մասին է ֆիլմը։ Մեծ մասն իրենք էլ ծնող են և ոգևորվում էին մտքից, որ գուցե թեկուզ մեկ երեխայի մոտ կարող են սեր ու պատրաստակամություն արթնացնել դեպի ընթերցանությունը»,– ասաց ռեժիսորը։

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։ Պրոդյուսերներ են Տիգրան Համբարձումյանը և Վահան Գրիշկյանը։

Հարությունը սիթքոմեր նկարահանելու մեծ փորձ ունի, սակայն գեղարվեստական ֆիլմ նկարահանելու առաջին փորձն է։ Ասում է՝ աշխատանքային ընթացքը հեշտ չէր, նախ՝ ամռանը դեռ շատ էին սահմանափակումները՝ պայմանավորված համավարակով, երկրորդ՝ Հայաստանում, գրեթե միշտ, խնդիր է առաջանում կապված բյուջեի և ժամանակի հետ։

«Փորձեցինք մեզ տրված ժամանակահատվածում և միջոցների մեջ անել առավելագույնը։ Չեմ ուզում բարձրագոչ բառեր ասել, բայց շատ կարևոր էր թիմային աշխատանքը, որը տարել ենք։ Շնորհակալ եմ թիմի յուրաքանչյուր անդամի, որ հավատով գալիս էր ու ամեն բան անում՝ աշխատանքը հաջողելու համար»– ասաց նա։

Աղբյուր՝ Tert.am Life

Leave a Reply