«Ամենօրյա աշխատանք պետք է տանես, որպեսզի կողակցիդ հետաքրքիր լինի քեզ հետ». Նարինե Պետրոսյան

Շոու բիզնես

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանի և ամուսնու՝ Վահագնի ընտանիքը 13 տարեկան է:

Tert.am Life-ի հետ զրույցում Նարինեն պատմել է ընտանեկան կյանքի, խնդիրների, հարաբերություններում միմյանց չձանձրացնելու իրենց տարբերակի և երեխաների մասին:Նարինեի խոսքով՝ ամուսնության 13 տարին աննկատ են անցել:

«Շատ ուրախ երջանիկ տարիներ էին թե՛ ընտանիքի կայացման, թե՛ երեխաների ծնունդների հետ կապված լավ պահեր են եղել: Բարդ է ընտանիքն այսքան տարի ամուր հիմքերի վրա պահել, բայց երբ այդ ամենը սիրով ես անում, դրա մեջ նպատակ, իմաստ տեսնում, բարդությունը հաճույք է դառնում:

Պետք է ընտանիքի սկիզբը ճիշտ լինի, երկուսով մեկ ուղղությամբ նայեք, ամեն ինչ անեք, որպեսզի ընտանիքը պահպանվի: Թեև դա երկուսի աշխատանք է, ընտանիքը հաջողություն է ունենում, երբ կինն այդ ամենում մեծ ցանկություն է ներդնում, կնոջից շատ բան է կախված: Ընտանիքում հարգանքն ու սերը կշեռքի նժարների վրա են դրված. երբեմն հարգանքն է բարձրանում, երբեմն՝ սերը, ամեն ինչ իրավիճակից է կախված: Ամեն դեպքում, դրանք մեկը մյուսից են բխում, շարունակում են միմյանց»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ իրենց ընտանիքում մեծ խնդիրներ չեն եղել:

«Ուղղակի սկզբնական շրջանում սերը, երիտասարդությունը, կիրքը քո կյանքում այնքան են, որ կենցաղային փոքրիկ խնդիրներին ուշադրություն չես դարձնում: Պետք է մտածես, որ դրանք փոքրիկ խնդիրներ են, այդ պահին հասկանաս՝ որքանո՞վ է այդ խնդիրը քո կյանքում կարևոր, համեմատես մեծ խնդիրների՝ առողջական, կյանքի ու մահվան հետ և վերաբերես փոքրիկ, ոչ թե մեծ խնդրի նման:

Լարված իրավիճակում ապրել, ձգված հարաբերություններ ունենալ չեմ ուզում: Բոլորի մոտ էլ խնդիրներ լինում են, եթե քեզ դուր են գալիս վեճերը, ամիսներով միմյանցից հեռու ապրելը կամ այլ բան, կարող ես ամեն ինչից խնդիր ստեղծել:

Բայց եթե չես ուզում, որ քո կյանքում լարված, նյարդային մթնոլորտ լինի, ամեն ինչ միանգամից հարթում ես, քո գիտակցությունից է կախված, ինքդ ես որոշում՝ ապրե՞լ այդ խնդրով, թե՞ ուղղակի ուշադրություն չդարձնել ու մտածել՝ ամուսնուդ հետ կյանքն ինչպես վայելել, ինչպես չկենտրոնանալ բացասականի վրա»,- նշեց նա:

Նարինեն ընդգծեց, որ միմյանց չձանձրացնելը բարդ է, բայց երբ տարիների ընթացքում ընտանիքն ամրացնելու համար ամեն ինչ անում ես, դա ինչ-որ չափով հեշտանում է:

«Ամենօրյա աշխատանք պետք է տանես, մտածես՝ ինչ անել, որպեսզի կողակցիդ հետաքրքիր լինի քեզ հետ, տանն ու հարաբերություններում ձանձրույթի տխուր մթնոլորտ չլինի: Արդեն գիտես, թե դիմացինիդ ինչ է դուր գալիս, ինչն է շոյում, այնպես անես, որ նրան հաճելի լինի:

Եթե այս ամենը սիրով ես անում, հեշտանում է, ոչ ոք էլ չի ուզում գալ տուն ու բացասական լիցքեր ստանալ: Երբ զգում եք, որ, ամեն դեպքում, ձանձրացրել եք միմյանց, կարելի է թեկուզ հանգստի մեկնել, դա ընտանիքն ամրացնում է: Եթե ամուսիններն ուզում են պահել ընտանիքը, իրավիճակը թարմացնելու, հարաբերություններում նորություն մտցնելու համար կփորձեն ուղի գտնել»,- ասաց նա:

Նարինեն պատմեց, որ երեխաների դաստիարակությամբ ինքն է զբաղվում, բայց ամուսինը ևս միջամտում է:

«Շատ հարցերում ինքս եմ ամուսնուս խնդրում, որպեսզի խոսի աղջիկների հետ, տվյալ հարցի շուրջ իր խորհուրդը տա: Քանի որ տան տղամարդը լուծելու շատ խնդիրներ ունի, երեխաների խնամքի, ուշադրության հարցերը ես եմ կազմակերպում: Դաստիարակության հարցում տարակարծություններ լինում են, բայց խնդիր չի առաջանում:

Կարող է՝ ինչ-որ հարցում նախատեմ աղջիկներին, հետո ամուսինս հակառակն անի, բայց նրան չեմ ասի ՝ ինչո՞ւ այդպես արեցիր: Երբ ծնողներից մեկը նախատում է, մյուսը՝ ոչ, երեխան չի նեղսրտի, կհասկանա, որ, ամեն դեպքում, ծնողներն իրեն աջակցում են»,- նկատեց Նարինեն:

Դերասանուհին նաև շեշտեց, որ դուստրերը տարբերվում են իրարից: «Ավագ դուստրս՝ Անին, 12 տարեկան է, ավելի հանգիստ, ինքնամփոփ է, միջնեկ դուստրս՝ Աելիտան, 10 տարեկան է, ակտիվ է, փորձում է թեկուզ կենցաղային հարցերում ակտիվություն ցուցաբերել, իսկ փոքր դուստրս՝ Ադելը, 5 տարեկան է, վազվզում է տանը, երջանկություն է:

Անին նկարչություն, դիզայնի հետ կապված բաներ է սիրում: Սկսել է վերնաշապիկների վրա նկարել, ընկերներս ոգևորում են, գնում: Անին դիզայներական մրցույթների է մասնակցում, երբեմն հաղթում է, երբեմն էլ տեսնում է, որ մեծ տարիքի մասնակիցներ են, չի մասնակցում:

Աելիտան գիմնաստիկայով է զբաղվում, դասական բալետի դասընթացների գնում, պատրաստվում է ամռանը մրցույթի մասնակցել: Իսկ փոքր դստերս միակ նախասիրությունը բոլորի ուշադրության կենտրոնում լինելն է, այս տարի դպրոց կհաճախի»,- եզրափակեց նա:

Աղբյուր՝ Tert.am Life

Leave a Reply