Իննա Խոջամիրյանի դժվար բաժանումն ու «Երկուսով» հեռուստասերիալի վերջին սերիաները․ Մարկի՞ն, թե՞ Հայկին կընտրի Մանեն

Շոու բիզնես

2 դադարից  և շուրջ երկու տարվա հեռարձակումից հետո «Երկուսով» հեռուստասերիալն ավարտին է մոտենում: Tert.am Life-ը ներկա է եղել վերջին սերիաներից մեկի նկարահանումներին, ֆիքսել հետաքրքիր դրվագները, զրուցել սցենարիստ Անի Մաղաքյանի և գլխավոր հերոսուհու դերակատար Իննա Խոջամիրյանի հետ:

Սցենարիստ Անի Մաղաքյանի խոսքով՝ սերիալը բարդ ճանապարհ է անցել, ունեցել են դադարներ, որոնցից մեկը կես տարի էր:

«Բարդ հոգեվիճակը, ապրումները փոխարինվեցին աշխատանքային էներգիայով, զգացմունքային կուտակված շատ բաներ կային: Պատերազմից հետո զգացողություն ունեինք, որ պետք է ավելի լավ աշխատենք, ավելի լավ բան ստանանք: Մարդիկ ծանր հոգեկան վիճակը վերածեցին վառելիքի և սկսեցին ավելի մեծ եռանդով աշխատել»,- ասաց նա:

Հեռուստասերիալում կային դերասաններ, որոնց կերպաային գիծը փակվեց, և նրանք դուրս եկան նախագծից, կային դերասաններ, որոնք փոխարինվեցին, բայց, ըստ Անիի,  այդ ամենը վարկանիշի վրա ազդեցություն չունեցավ:

«Սերիալն ավարտվում է, որովհետև ի սկզբանե որոշվել էր, որ պետք է այդքան սերիա լինի ու ավարտվի, այն կցուցադրվի մինչև մայիսի վերջ: Դադարներն ու դերասանների փոփոխությունները մի փոքր ազդեցություն ունեցամ սյուժեի վրա, որովհետև ի սկզբանե եմ որոշում տվյալ կերպարի ճակատագիրը: Երբ մեծ թվով պատրաստի սերիաներ ունես, նման իրավիճակում պետք է վերադառնաս ու խմբագրես դրանք, փոփոխես ընթացքը»,- պատմեց նա:

Անին ընդգծեց, որ հոգեբանորեն բարդ չէ նախագծից բաժանվել։ Ասում է՝ ավարտին լիարժեքություն է զգում, որովհետև կար մի պահ, երբ մտավախություն ունեին՝ գուցե նախագիծն ավարտին չհասցնեն:

«Հիմա հասել ենք այն տրամաբանական ավարտին, որն ի սկզբանե որոշված էր: Վերջին մոնոլոգը բավականին բարդ տրվեց, որովհետև իր մեջ պետք է ընդգրկեր ամբողջ սերիաների ուղերձը, իսկ մնացածն առանձնապես բարդ չէր, երբեմն, կերպարներն իրենք են որոշում, թե ուր տանես նրանց: Սովորաբար լսում, կարդում եմ հեռուստադիտողների մեկնաբանությունները, բայց պահում եմ այն գիծը, որը որոշել էի ի սկզբանե:

Գրագետ եմ աշխատում սցենարի վրա, այսինքն՝ ի սկզբանե եմ որոշում ուղին: Այս անգամ հեռուստադիտողների սպասելիքները համընկնում եմ իմ որոշած ավարտի հետ»,- ասաց Անին։

Հեռուստասերիալում գլխավոր հերոսուհուն՝ Մանեին մարմնավորող դերասանուհի Իննա Խոջամիրյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ իր բոլոր կերպարների հետ կապվում է, կարծում է՝ նորմալ չէր լինի, եթե հեշտ բաժանվեր դրանցից:

«Մանեից դժվար եմ բաժանվում: Հեռուստասերիալն այնքան դադարներ, բարդ փուլեր ունեցավ: Նույնիսկ պահեր եղան, երբ վերականգնելուց առաջ մտավախություն ունեի՝ կկարողանա՞նք նույն կետից շարունակել, կստացվի՞, իհարկե խոսքն իմ մասին է:

Ներքին խոհանոցում էլ պարբերաբար ասում ենք, որ հեռուստասերիալի ընթացքում մեր անձնական և համազգային դրամաներն ունեցանք: Մի փոքր տխրել եմ, իմ կյանքի բոլոր պատմությունները որոշակի մելանխոլիայով եմ բաց թողնում: Ամեն դեպքում, երկու տարի մի պատմության շուրջ եմ աշխատել, ապրել դրանով, դարձել դրա զարկերակը»,- ասաց նա:

Անին էլ շեշտեց, որ այս շրջանում արդկանց կարծիքները բաժանվում են երկու բևեռի կապված Մարկ-Մանե և Հայկ-Մանե զույգերի հետ։ Նրա խոսքով՝ ընտրություն անելիս իրեն օգնության է հասել այն փաստը, որ ի սկզբանե էր որոշել, թե ինչ է անելու:

«Երբեք չես կարող բոլորի սրտով գնալ, մի կերպարը չի կարող բոլորին դուր գալ: Առհասարակ, սցենարը գրելիս միշտ երկու բևեռ եմ դիտարկում, այս դեպքում մի բևեռը Հայկն է՝ իր բոլոր դրական հատկանիշներով, ադեկվատ պահվածքով, բոլորը զարմանում են, թե ինչպես կարող է հերոսուհին Հայկին թողնել և գնալ իրեն տառապանք պատճառող մարդու՝ Մարկի հետևից:

Մյուս կողմից հենց Մարկն է՝ վատ տղայի կերպար․ սովորաբար աղջիկները հենց նման տղաների են սիրում, նա Մանեի սրտից դուրս չի գալիս: Մանեն կընտրի սի՞րտ, թե՞ ուղեղ․ այս հարցը հակասությունների և բանավեճերի առիթ է դարձել, ուրախ եմ, որ կարողացանք սերիալի միջոցով կարողացանք ցույց տալ այս  բևեռները:

Դիտորդն արդեն արել է իր ընտրությունը, վստահ եմ»,- ընդգծեց Անին:

Աղբյուր՝ Tert.am Life

Leave a Reply